Չնայած երրորդ օրը ընդդիմադիր դաշտից հնչող կոչերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս։ Այսօր նա ուղերձով դիմեց ժողովրդին, ասաց՝ այս պահին իրենց առաջնահերթությունը երկրում կայունության վերականգնումն է, ժողովրդին կոչ արեց համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է, ինչպես ձևակերպեց, երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունը կրել։
«Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն: Կոչ եմ անում չտրվել սադրանքների և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակներն իրագործելու համար: Հենց այս թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ և ոչ թե բանակի զարգացման գործին», - նշեց վարչապետը:
Մոտ 20 րոպե Փաշինյանը փորձեց պատասխանել իր, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև 3 օր առաջ ստորագրած փաստաթղթի հրապարակումից հետո հնչող հարցերին՝ դրան մի քանի որակումներ տալով՝ տխրահռչակ, վատ ու ոչ շահեկան։ Այսօր էլ կրկնեց՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ րոպե առաջ պետք էր կանգնեցնել պատերազմը։ Ստեղծվել է մի իրավիճակ, ըստ Փաշինյանի, երբ զինվորը չէր կարող ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ «Փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով։ Բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարևոր էր, կարծում եմ՝ նաև ձեզ համար», - նշեց վարչապետը:
Ինչո՞ւ հրաժարական չտվեց այդ փաստաթուղթը չստորագրելու համար, իրեն այս օրերին ուղղվող մեկ այլ հարցի Փաշինյանի պատասխանը հետևյալն էր՝ ուրիշի վրա չէր ուզում թողնել այդ դժոխային պարտավորությունը: «Դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին՝ այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանը էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի: Իսկ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններում զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին: Կամ գուցե մի փոքր ավելի ուշ: Սրա համար երկու պատճառ կար. նախ պետք էր առանց մարտի հանձնեինք յոթ շրջան, ներառյալ Շուշին, և երկրորդը, ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը», - ասաց նա։
Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, անելիքները առջևում են, հայտարարեց Փաշինյանը, չմանրամասնելով՝ երբ ու ինչ քայլեր է պատրաստվում անել Արցախի կարգավիճակի՝ միջազգային ճանաչման համար։ Եռակողմ հայտարարության մեջ կարգավիճակի հարցին որևէ անդրադարձ չկա:
«Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն, և, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ», - ընդգծեց վարչապետը: